Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Խաչիկ Հարությունյանը:

Ելույթներով հանդես եկան Արման Կիրակոսյանը, Արտաշես Գեղամյանը, ավստրիացի գրող, թարգմանիչ, արցախյան շարժման ականատես Հերբերտ Մաուրերը, համայնքի վարչության անդամ Համբարձում Հարթունյանը, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ ավստրիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց 1988-ի սումգայիթյան ջարդերին եւ  գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական եւ փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Երաժշտական մասի շրջանակներում հնչեցին Ավստրիայի եւ Հայաստանի պետական օրհներգները, կատարվեցին հայ երգահանների ստեղծագործությունները` դաշնամուրի եւ կլարինետի համար: Ցուցադրվեցին հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:

Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլեցին դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց իրականացվեց եւ անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվեցին սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր:

Նույն օրը, Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25 ամյակին:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան պայքարի 25 տարիների ձեռքբերումներին եւ շեշտեց թե Սփյուռքում եւ թե հայրենիքում հայ ժողովրդի կողմից միասնական ու նպատակասլաց ջանքերի գործադրման կարեւորությունը` պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու եւ երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար:

Միջոցառմանը «Լեռնային Ղարաբաղը 25 տարիների պայքարից հետո. որտե՞ղ ենք հիմա կանգնած» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի դասախոս, Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Շարլոտ Հիլլը: Իր խոսքում դոկտոր Հիլլն անդրադարձավ բանակցային գործընթացին, հակամարտության կողմերի դիրքորոշումներին, ինչպես նաեւ հակամարտության լուծման հնարավոր տարբերակներին: