Փարիզի քաղաքապետը տասնյակ հազարավոր նամակներ է ստացել` չնչին գումարի բանկային չեկերով` որպես Մարսյան դաշտերի տրորված սիզամարգերի  փոխհատուցում: Սիզամարգերը տուժել էին նույնասեռ ամուսնությունների օրինականացման ընդդիմախոսների բազմամարդ հանրահավաքի ժամանակ:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Փարիզում հունվարի 13-ին, իակ  հանրահավաքից  երկու օր անց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, ով բացահայտ նույնասեռական է, հայտարարել էր, որ  ցուցարարները լրջորեն վնասել են սիզամարգերը, եւ վնասը գնահատել էր 100 հազար եվրո: Նա չէր բացառել, որ հաշիվը կներկայացնի ՆԳՆ-ին, որը արտոնել էր հանրահավաքը:

Քաղաքապետարանից հաստաստել են, որ ստացել են ինը հազար նամակ` միջինը 10 սնտիմ (ֆրանսիական մանրադամ) գումարով: Ստացված գումարները կփոխանցվեն կանաչապատման վարչությանը: