Հայաստանում մարդու իրավունքները խայտառակ եւ ծիծաղելի վիճակում են:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր բացառապես բոլորն են խոսում մարդու իրավունքներից՝ սկսած առաջին ոտնահարողներից, մինչեւ իրավապաշտպաններ, բայց մարդկանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական խումբը ներկայացրեց «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008թ.» զեկույցը՝ անդրադառնալով հայաստանյան բանտերում առկա հոռի բարքերին:
Քննարկմանը ներկա Վարդան Հարությունյանը NEWS.am-ի խնդրանքով գնահատելով կալանավայրերում ստեղծված վիճակը, մի քանի կարեւորագույն խնդիր ներկայացրեց: «Առաջին կարեւորագույն խնդիրը զբաղվածության խնդիրն է. կալանավորները պարապ են պատժի ողջ ընթացքում, աշխատանք չունեն:
2-րդ-ը սանիտարական վիճակն է, որ կալանավայրերը պարտավոր են նորմալ մարդկային պայմաններ ստեղծել բոլոր կալանավորների համար: Մարդը կալանավորվելիս զրկվում է ազատությունից, բայց պահպանում է մյուս բոլոր իրավունքները»,- մանրամասնեց իրավապաշտպանը:
Ըստ Հարությունյանի՝ լուրջ խնդիր է նաեւ, որ հայաստանյան բանտերը մեկ տարուց ավելի լցված են քաղբանտարկյալներով. «Աշխարհում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում չպետք է լինի որեւէ բանտ, որտեղ քաղբանտարկյալ պահվի»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանի բանտերն իրենց հոգեբանությամբ դեռեւս «սովետական բանտեր են, որտեղ մարդը որպես երեւույթ գոյություն չունի»: «Կալանավորը դադարում է մարդ լինելուց, ձերբակալման պահից նա արդեն մարդ չի եւ նրա նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է դրսեւորվում, նրա նկատմամբ բռնություններ են գործադրվում»,- ասաց Հարությունյանը:
Ի դեպ, բանտերում կալանավորների նկատմամբ բռնությունները հազվադեպ են ջրի երես դուրս գալիս, մարդիկ չեն ցանկանում բողոքել իրենց նկատմամբ կատարվածի համար: «Մարդիկ վախենում են բարձրաձայնել, որովհետեւ շարունակելու են առնչվել իրենց նկատմամբ բռնություն գործադրածների հետ: Մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում, վստահ չեն, որ հասարկությունը կկարողանա իրենց պաշտպանել: Ձերբակալման պահից նրանք իրենց իրավազուրկ են համարում: Եւ „անտեր մարդու“ հոգեբանությունը նրանց ստիպում է լռել»,- փաստը պարզաբանեց իրավապաշտպանը:
NEWS.am-ի հարցին, թե ինչ պիտի անի իշխանությունը՝ երկու հիվանդ քաղբանտարկյալների՝ Արման Բաբաջանյանի ու Տիգրան Առաքելյանի առողջությունն ու կյանքը վտանգի տակ չդնելու համար, իրավապաշտպանը պատասխանեց. «Ոչ միայն այդ երկուսի, այլ բոլորի դեպքում իշխանությունը պետք է նրանցից ներողություն խնդրի եւ ազատ արձակի: Արման Բաբաջանյանին պարտավոր են ազատ արձակել, քանի որ նրա կյանքին է վտանգ սպառնում: Իսկ Տիգրան Առաքելյանին ձերբակալելու իրավունք ընդհանրապես չունեին: Կամայական ձերբակալություններ են, եւ բոլոր 23 քաղբանտարկյալների դեպքում էլ իշխանությունները պարտավոր են ազատ արձակել՝ ներողություն խնդրելով»:



















