Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին այցելել է «ARTEXPO-2010» արվեստների ցուցահանդես:
Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին:




























