Շատերը կարծում են, որ «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը դրախտային պայմաններում է ապրում` աշխատասենյակ, մարզասրահ, հեռուստացույց: Սակայն մարդասպանն անձամբ այդպես չի կարծում: Եւ Guardian-ը գրում է, որ Բրեյվիկը ճիշտ է` Նորվեգիայում ավելի հարմարավետ բանտ կա:  

Բաստոյ կղզում բանտարկյալներն ապրում են ոչ թե ճաղավանդակներով խցերում, այլ առանձնատներում: Այդ բանտն ավելի շատ հիշեցնում է սովորական նորվեգական գյուղ: Ցերեկը կալանավորներն աշխատում են, իսկ երեկոյան` ձուկ որսում կամ լողում:

Այնտեղ պահվում է ընդամենը 115 մարդ, որոնցից 35-ը պահակներ են: Նրանք  օրական չորս անգամ հաշվում են բանտարկյալներին: 16:00-ից հետո կղզում մնում են միայն չորս  հսկիչներ: Մեկ տունը նախատեսված է վեց մարդու համար:  Բոլորին կերակրում են օրական մեկ անգամ, մնացած անգամները իրենք անձամբ են պատրաստում: 

Բանտարկյալներն աշխատավարձ են ստանում`շուրջ 10 դոլար: Բացի դրանից նրանք ստանում են ամենամսյա 100 դոլար թոշակ` մթերքների համար, որը կարելի է գնել ճամբարում գտնվող փոքրիկ սուպերմարկետում: Բաստոյում երազում է հայտնվել երկրի դատապարտյալների մեծ մասը:

Միաժամանակ, vesti.ru-ն հայտնում է, որ Նիդեռլանդներում դրախտավայրի է վերածվել ամենասարսափելի բանտերից մեկը` Het Arresthuis-ը: Իր գոյությունից 150 տարի անց՝ բանտի վերանորոգումից հետո, բանտարկյալների 105 խցիկները դարձել են  40 հարմարավետ համարներ, որոնցից 12-ը լյուքս են: Այստեղ բոլոր սենյակներն ունեն օդափոխիչներ, անվճար Wi-Fi: Հյուրանոցում կա սաունա, ֆիթնես կենտրոն եւ  ձիթենու ծառերով բակ: