Նախընտրական արշավների ժամանակ բոլոր կուսակցությունների թեկնածուները հատուկ ուշադրություն են դարձնում ...թոշակառուներին: Դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանում, վերջին տվյալներով,  452,5 հազ. թոշակառու կա, ինչը կազմում է երկրի մշտական բնակչության 16,7%-ը:

Ուստի թոշակառուների ձայները շահելու համար թոշակները բարձրացնելու բազմաթիվ առաջարկություններ են արվում:

Այդ խոստումները բալասան են թոշակառուների վերքերի համար, քանի որ թոշակները մեծ չեն:  Օրինակ,  անցած տարվա դեկտեմբերին  երկրում թոշակների միջին չափը  կազմում է 29 689 դրամ, ինչը 2561 դրամով կամ  9,4%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  Նման տեմպը կարելի է բացառիկ համարել`  այդ ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսի  հարաբերական  ցածր մակարդակի ֆոնին`  3,2%:

Սակայն չնայած այդ դրական հանգամանքին, կենսաթոշակի միջին չափը բավականին ցածր է մնում: Օրինակի համար, միջին կենսաթոշակը կազմում է ընդամենը 73,4%`  անցած տարվա IV եռամսյակում  սպառողական նվազագույն զամբյուղի  մեծության նկատմամբ:

Հայաստանի բնակիչների համար ավանդական հոգատար վերաբերմունքը ծնողների, տատիկների եւ պապիկների նկատմամբ թույլ չի տալիս, որ նրանք աղքատության մեջ ապրեն:  Սակայն հարցը բարդանում է, երբ զավակներն իրենք են ապրում «միայն աշխատավարձով» կամ անգամ առանց դրա, կամ եթե թոշակառուները միայնակ են:

Կենսաթոշակի չափը որոշող հիմնական գործոնները հետեւյալն են. թոշակառուների եւ վարձու աշխատողների հարաբերակցությունը. «կենսաթոշակային հիմնադրամ» են փոխանցվում  սոցապահովության վճարները,  ինչպես նաեւ աշխատավարձի չափը, որից պահվում են  այդ վճարները:

Այդ հարաբերակցությունը մեզ մոտ բավականին անմխիթար է. միջինը 0,8 աշխատողին բաժին է  ընկնում մեկ թոշակառու: Նկատենք, որ իդեալական է համարվում հակառակ հարաբերակցությունը, որն անգամ մի քանի երկրներում հասել է 1:2, անգամ 1:3 հարաբերակացության:  Հասկանալի է, որ  1:2 հարաբերակցություն ունենալու համար մենք պետք է վարձու աշխատողների ընդհանուր թիվն ավելացնենք 2,5  անգամ, ինչն իրատեսական չէ  մոտակա, ինչպես նաեւ միջնաժամկետ հեռանկարի համար:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն ինքնին բարձր չէ, այնպես որ դրանից գանձումներն էլ մեծ չեն:

Իսկ եվրոպական երկներում կենսաթոշակի չափը մեզ համար ֆանտաստիկ է թվում: Գերմանիայում, օրինակ, միջին թոշակը «փոխկապակցված» է միջին աշխատավարձին` ամեն տարի կազմելով նրա 65%-ը:

Ալբերտ Խաչատրյան