Գերմանիայի Ալտենբերգե քաղաքում բլուրից սահնակներով մրցույթ է կազմակերպվել, որի մասնակիցները եղել են կիսամերկ: Մրցույթին մասնակցել է 25 մարդ:
Միջոցառումը դիտելու է եկել մոտ 5 հազար մարդ: Մրցույթի մասնակիցները պետք է սահնակներով հաղթահարեին 100 մետր տարածությունը: Այդ խնդիրը կատարելու ժամանակ մասնակիցները պետք է հանվեին, մնալով միայն վարտիքներով, կոշիկներով, գլխարկներով եւ ձեռնոցներով:
Վերջին օրերին Ալտենբերգեում օդի ջերմաստիճանը տատանվում է +5-6 աստիճանի սահմաններում, գրում է Lenta.ru-ն:
Տղամարդկանց մեջ հաղթող է ճանաչվել 35-ամյա Նիկո Շվարցը, իսկ կանանց մեջ` Անետ Շնեդելբախը: Գլխավոր մրցանակը կազմել է հազար եվրո:
Վարտիքներով սահնակների մրցույթներ Գերմանաիայում անցկացվում է վերջին մի քանի տարիներին: Նախկինում դրանք կազմակերպվում էին Բրաունլագեում, սակայն 2012-ի վերջին տեղի իշխանություններն արգելել էին նման մրցույթներն` անվտանգության նկատառումներից ելնելով:





























