Դոմինիկ Ստրոս Կանը չի կարողացել դատարանով արգելել Մարսելա Յակուբի «Գեղեցկուհին եւ հրեշը» գրքի տարածումը: Ստրոս Կանի հայցը քննող Փարիզի դատարանը փետրվարի 26-ին Յակուբին եւ նրա գիրքը հրատարակողներին պարտավորեցրել է ԱՄՀ-ի նախկին ղեկավարին բարոյական վնասի համար 50 հազար փոխհատուցում վճարել:
Դատարանը նաեւ վճռել է, որ Յակուբի գրքի վաճառքի հանված յուրաքանչյուր օրինակ պետք է ներդիր-թերթիկ ունենա՝ Ստրոս Կանի կողմից գրված տեքստով: Դատարանի այդ պահանջի պատճառով գրքի փետրվարի 27-ին նախատեսված վաճառքը որոշ ժամանակով կհետաձգվի, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:
Մարսելա Յակուբը «Գեղեցկուհին եւ հրեշը» գրքում նախկին սիրեկանին անվանում է «կես մարդ, կես խոզ»: Գրքում նա պատմում է Սթրոս Կանի հետ սիրավեպի մասին, անդրադարձել 2011թ. մայիսին Նյու Յորքի հյուրանոցում սպասուհու նկատմամբ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի սեռական ոտնձգությունների պատճառով մեղադրանքի հետ կապված սկանդալին, ինչպես նաեւ պատմում է Անն Սինկլերի հետ նրա քսանամյա ամուսնության մասին, որը քայքայվեց 2012թ. հուլիսին: Գրքից հատվածներ են հրապարակվել Le Nouvel Observateur ամսագրում:
ԱՄՀ-ի նախկին ղեկավարը դատարանին խնդրում է արգելել «Գեղեցկուհին եւ հրեշը» գրքի վաճառքը, ինչպես նաեւ որպես բարոյական փոխհատուցոմ` հարյուր հազար եվրո է պահանջում Յակուբից եւ գիրքը թողարկող Stock հրատարակչությունից, նույնքան գումար էլ` Le Nouvel Observateur-ից: Դատարանը վճռել է, որ Սթրոս Կանը կարող է ստանալ գումարի միայն կեսը:




























