Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 12-ին հերթական ամենշաբաթյա երթն են անցկացրել Երեւանի փողոցներով:
Այս անգամ ընդդիմության ներկայացուցիչները երթ են արել դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ: Նրանք վանկարկել են շարժման կարգախոսները եւ քաղբանտարկյալների նկարներով պաստառներով Մետրոյի «Բարեկամություն» կայարանից շարժվել են դեպի Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի փողոցի վրա գտնվող ԵԱՀԿ գրասենյակ:
Եվրոպական կառույցից նրանք պահանջել են հրապարակել վաղուց խոստացված զեկույցը՝ 2008թ. մարտի 1-ի կապակցությամբ հարուցված քր.գործերի եւ հաջորդած դատավարությունների օրինականության վերաբերյալ:
Ընդդիմության ներկայացուցիչներին ընդունել են ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցները, որոնք խոստացել են առաջիկայում հրապարակել զեկույցը՝ նշելով, որ ուշացման պատճառը զուտ տեխնիկական է:




























