2003-ի նոյեմբերին Ստամբուլում կազմակերպած պայթյունների համար ցմահ դատապարտված անձանցից մեկը՝ Լուայի Սակկան վճռաբեկ դատարանում իր պահվածքով լուրջ իրարանցում է առաջացրել։
Թուրքական Iha լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ տեղի ունեցած առաջին դատական լսման ժամանակ մասնակցել են Ալ Ղաիդայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Լուայի Սակկան ու եւս յոթ ձերբակալվածներ։
Լուայի Սակկան կարդացել է իր պաշտպանական 10 էջանոց ճառը, այնուհետ ծրարի միջից հանել է Իսրայելի թղթե դրոշը, գցել գետին եւ ոտքով սկսել տրորել։ Դատավորը զգուշացրել է՝ գետնից վերցնել Իսրայելի դրոշը, սակայն Սակկան ավելի ակտիվ է տրորել դրոշը, պատառոտել այն եւ բղավել «Կեցցեն մոջահեդները»։ Դատավորի կարգադրությամբ՝ վերջինիս անվտանգության աշխատակիցները հեռացրել են դատարանի դահլիճից, սակայն նա ճանապարհին կրկին հանել է թղթե Իսրայելի դրոշներ եւ գցելով գետնին կրկին տրորել է ու բղավել «Կորչի Իսրայելը»։




























