Լիտվայի հայկական համայնքը Վիլնյուսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել՝ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ: Ցույցին մասնակցել են մոտ 100 հայեր:

Ցուցարարները «Մենք երբեք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը», «Ամոթ ադրբեջանցիներին», «Լիտվացիներըն այն ազգը չեն, որին կարողանան գնել խավիարով եւ նավթով» մակագրությամբ պաստառներ են ունեցել: Նրանք տարել էին նաեւ ջարդերի ժամանակ զոհվածների լուսանկարները: 

Ըստ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների` բողոքի ցույցն ուղղված էր ոչ միայն զոհերի հիշատակը հարգելուն, այլ հիշեցնելու, որ «Լիտվան եւ Հայաստանը միասին են եղել 25 տարի առաջ, եւ միասին են ցանկանում լինել նաեւ այժմ», հայտնում է 15min.lt թերթը:

Ըստ հրատարակչության` դեսպանատան մոտ են եկել նաեւ տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմում ստեղծվել էր Լիտվիայի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բարեկամության խումբ: