ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել ու մշակվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր ու փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել է ընտրությունների նախապատրաստման ու անցկացման աշխատանքային պլանը, միջոցառումների գրաֆիկը, քվեաթերթիկի ու ընտրությունների ամփոփման արձանագրությունների ձեւերը:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքով, ընտրությունների ամփոփումը պետք է տեղի ունենա 72 ժամվա ընթացքում, իսկ ընտրությունների արդյունքները բողոքարկելու արդյունքում` 7 օրվա ընթացքում:

ԿԸՀ նիստում հաստատվել են նաեւ թեկնածուների ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրի ձեւը եւ այն ներկայացնելու կարգը: Պատգամավորի թեկնածուն պետք է հայտարարագրում ներկայացնի 2009-ի հունվարի 1-ից մինչեւ 2010-ի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերած եկամուտները: Մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն հատուկ դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների համար:

ԿԸՀ-ն արդեն սկսել է լրագրողների ու դիտորդների հավատարմագրման գործընթացը: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները կայանալու են մայիսի 23-ին: