Փետրվարի 13-ի գիշերը խոշոր գործողություն է սկսվել թալիբների դեմ, որին մասնակցում են 4 հազար ամերիկացի ծովային հետեւակի զինվորներ եւ Աֆղանստանի կառավարական զորքերի 1500 ծառայողներ։ Ընդհանուր հաշվով, այս գործողությանը մասնակցում են 15 հազար զինծառայողներ, այդ թվում՝ նաեւ անգլիացի։
BBC-ի հաղորդմամբ, զինվորները հարձակվել են երկրի հարավում գտնվող Հելմենդ շրջանի Մարջայի վրա, որը բնակչության թվով Աֆղանստանի ամենախոշոր քաղաքն է։
ՆԱՏՕ-ի տվյալներով, քաղաքում գտնվում են 400 մինչեւ 1000 զինված թալիբներ, ովքեր ամրապնդել եւ ականապատել են իրենց դիրքերը։ Զինյալները հայտարարել են, որ պատրաստ են կոալիցիոն զորքերի դեմ դուրս բերել շուրջ 2000 մարտիկների։
Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ, քաղաքի խաղաղ բնակչությանը զգուշացրել են լքել քաղաքը, եւ գործողության նախօրեին շատ բնակիչներ հեռացել են քաղաքից։ Այն բանից հետո, երբ քաղաքը կազատագրվի թալիբներից, այնտեղ կվերադառնան 1900 աֆղան ոստիկաններ եւ քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչներ։
Reuters –ի հաղորդմամբ, արդեն եղել է առաջին փոխհրաձգությունը ծովային հետեւակայինների եւ զինյալների միջեւ, որի արդյունքում նվազագույնը տուժել է մեկ ամերիկացի զինծառայող։
Նշենք, որ հայ խաղաղապահներն Աֆղանստան են մեկնելու այս ամսին։ Ներկայումս նրանք Գերմանիայում նախապատրաստություն են անցնում։ Հայ խաղաղապահները պաշտպանելու են Քունդուզ քաղաքի օդանավակայանը։




























