Աբխազիային նախագահ Սերգեյ Բաղապշը այսօր՝ փետրվարի 13-ին, հայտարարել է երկրի նոր վարչապետի նշանակման մասին։ Աբխազիայի կառավարությունը կղեկավարի Սերգեյ Շամբան, երկրի արդեն նախկին արտգործնախարարը։ Այս պաշտոնում Շամբան փոխարինելու է Ալեքսանդր Անկվաբին, ով դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո դարձավ փոխնախագահ։
Նախագահի խոսքով, Շամբան բավականին փորձառու քաղաքական գործիչ է։ Նշենք, որ նախօրեին Սուխումում կայացել է Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը մասնակցելու համար Աբխազիայի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին, Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիռնովը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մոսկայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։
Աբխազիայի նախագահական ընտրությունները կայացել են 2009 թվականի դեկտեմբերին։ Երկրի նախագահ արդեն երկրորդ անգամ վերընտրվեց Սերգեյ Բաղապշը՝ հավաքելով ընտրողների ձայների 59,37 տոկոսը։




























