Հիմա էլ Հախվերդյան Ռուբիկը ինչ-որ մարդկանց թեթեւ ձեռքով դարձավ թուրքի ջրաղացին ջուր լցնող ազգի թշնամի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Նրա մարդկային որակներն ինձ ծանոթ չեն ու չեմ էլ ձգտում դրանցից գլուխ հանել, բայց երգերը լավն են, մերն են, դրանց մեջ ճիշտն է խոսվում մեր մասին ու չկա կեղծ պաթոս ու բարեպշտություն:Ակնհայտ է, որ այդ մարդը սրտով է մտածում ու դրա համար էլ նրա դատողությունները ոչ թե լավ ու վատի շրջանակներում են, այլ ճշտի ու սխալի:

Երբ նա ասում է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանի Խորհրդային Ադրբեջանի ծայրագավառը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կոմերիտմիության նախկին քարտուղարը ապա մարզկոմի առաջին քարտուղարի օգնականը չպետք է լինի Հայաստանի առաջին դեմքը, որ ճիշտ չէ դա, ապա Ռուբիկի ասածի մեջ տրամաբանություն տեսնում եմ, որովհետեւ կոմերիտական այդ գործունեությունը նախատեսում էր Բաքվից եկած միջին ձեռքի կուսակցական ղեկավարների քմահաճույքների ու հրահանգների կատարում: Դա կարեւոր ու, գուցե, ԼՂԻՄ-ի համար օգտակար գործունեություն էր, որը, սակայն չարժի որ կապվի ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու անվան հետ:

Սա հարցի մի կողմն է` Ռուբիկի այս մոտեցման հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել ու պետք է ելնել նրանից, որ նրան հանրահավաքում ձայն տվողներն էլ ուրախ էին, որ Ռուբիկը եկել` իրենց կողքին է կանգնել ու, փաստորեն իրենց աջակցություն է դրանով հայտնում: Ռուբիկը բարդ է եւ ոչ քաղաքական գործիչ ու երեեւի թե Րաֆֆին, լինելով հանրահավաքի հարթակի տանտերը, Ռուբիկից սահմանազատվելու, նրա հետ իր անհամաձայնությունը բարձրաձայնելու փոխարեն լավ կաներ մոտենար, ընդհատեր նրա խոսքը, եղբայրաբար գրկեր ու բոլորի առջեւ ասեր. «Ես հասկանում եմ քեզ, բայց քո տված որակումներն ու ձեւակերպումներն այնպիսին են, որ վաղն էլ ուզած մարդ կգա ու այս հարթակից խոսքն ինձ ուղղելով կասի. «Այ ախպար շուն, դու ով ես, որ անհայտ հեռուներից եկել ես այստեղ եւ ուզում ես Հայաստանը կառավարել»: Եվ այդ ժամանակ դու, Ռուբիկ, ինչպես ես պաշտպան կանգնելու ինձ, ինչ ես ասելու այդ մարդուն»:

Կան մարդիկ, որ ի ծնե լեշակեր բորենի են, որ ընդունակ չեն իրենք որեւե բան ստեղծել, սակայն անմիտ հրճվանքով պատրաստ են կործանել ուրիշի ստեղծած ու շատերի համար շատ թանկ ու նվիրական արժեքները: Այ դրանց պոչն է պետք դռան տակ թողնել, որպեսզի ոչ թե հաղթական ոռնան մեծերին ոտնակոխ անելուց, այլ միայն իրենց ոչնչության զգացումն արտահայտող սեփական կաղկանձի ձայնը լսեն»,- գրել է Մելիքյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am