Երեւանում հենց նոր ավարտվեց «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի ազգային ընտրական փուլը: Համաձայն մրցույթի կաննոնների, 9 թեկնածուներից հաղթողի ընտրությունն իրականացվեց SMS-քվեարկության եւ ժյուրիի որոշման միջոցով:
Երգչուհի Եվա Ռիվասը «Apricot stone» երգով ստացավ հեռուստադիտողների ձայների մեծամասնությունը, ինչպես նաեւ ժյուրիի բարձր գնահատականը: «Ես չեմ հավատում», — եղավ երգչուհու առաջին արձագանքը Ինգա եւ Անուշ Արշակյանների կողմից զմրսված ծրարը բացելուց հետո:
«Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգի կոմպոզիտորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, բառերի հեղինակն է Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ պոետ Կարեն Կավալերյանը: Գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը (Մուրզո):
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Եվրատեսիլ-2010»-ի երկրորդ եզրափակչում, որը կկայանա Օսլոյում մայիսի 27-ին, Հայաստանի հետ կմրցեն Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեյցարիան, Լիտվան, Իռլանդիան, Սլովենիան, Շվեդիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Խորվաթիան, Դանիան, Կիպրոսը, Ռումինիան եւ Իսրայելը:
22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը ծնվել է Դոնի Ռոստովում: Մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» մրցույթներին, որոնցում արժանացել է բարձր կոչումների: 5 տարի ռուսական շոու-բիզնեսը ներկայացնելուց հետո այս տարի Եվան թողարկեց իր առաջին հայկական տեսահոլովակը Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգի հիման վրա:



























