Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գրողներից մեկը, սուր բովանդակությամբ դետեկտիվների հեղինակ Դիկ Ֆրենսիսը մահացել է 89 տարեկան հասակում: Վերջին տարիները նա ապրել է Կարիբյան ծովում գտնվող Կայմանյան կղզիներում:
40-50-ական թվականներին Դիկ Ֆրենսիսը եղել է Անգլիայում ամենահայտնի ձիավարներից մեկը, Գեորգ 6-րդ թագավորի այրի` մայր թագուհու անձնական ժոկեյը: Սպորտից հեռանալուց հետո նա աշխատել է մարզական մեկնաբան, ապա սկսել է գրքեր գրել: 1974 թվականին Ֆրենսիսի «Ֆավորիտ» վեպը էկրանավորվել է բրիտանացի ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի կողմից, իսկ 1976-ին այդ նույն գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել նաեւ ԽՍՀՄ-ում:
Իր երկարամյա կյանքի ընթացքում Դիկ Ֆրենսիսը գրել է ավելի քան 40 վեպեր, որոնք տպագրվել են 60 միլիոն օրինակով եւ թարգմանվել 20 լեզուներով:




























