Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին ճիշտ չի լինի հարթակում իմ գտնվելը, ելույթներ ունենալը, որովհետեւ ես չեմ մասնակցել այդ գործընթացին, ավելին` ընտրել եմ այլ թեկնածուի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Սարգսյան, Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 54 տարեկան, նա ի՞նչ երազանքներ ուներ:

Չկա հայ ռազմական գործիչներից, քաղաքական գործիչներից, արվեստի գործիչներից, մշակույթի գործիչներից որեւէ մեկը, ով հայ ժողովրդի փրկությունը տեսած չլինի իր հավաքականության մեջ: Այդպիսին են բոլոր այն հայերը, ովքեր սիրում են իրենց ժողովրդին` անկախ նրանից իրենք նման են մտածում, թե` ոչ: Վազգենը համարում էր, որ ինքն իր երկրում թշնամիներ չունի, դրա համար էլ մենակ էր ման գալիս: Դրա համար էլ ինքը Վազգենն էր: Դրա համար էլ իրեն բոլորը Վազգեն էին ասում, ոչ թե պարոն Սարգսյան: Ցավոք ինքն այն ժամանակ այսպես չգնահատվեց, ինչպես` հիմա: Շատ կուզենայի տեսներ իրեն հասկացված, բայց նաեւ շատ շատերն, անկախ այսօր իրենց գրաված դիրքից, իրենց ունեցած պաշտոնից, իրենց աշխարհընկալումից ու ապրելակերպից, իրենց հարգանքի տուրքն են տալիս Վազգենին եւ միանշանակ անկեղծ են:

Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը միասին կողք կողքի կանգնած էին, թե ընդդիմադիր, թե իշխանամետ գործիչները: Կարելի՞ է ասել, որ այսօր էլ Վազգեն Սարգսյանը նպաստում է միավորմանը:

Այո կարող ենք ասել: Այսօր ես այստեղ Եռաբլուրում եմ կանգնած եւ ընդդիմադիր եմ: Այնտեղ է կանգնած Սեյրան Օհանյանը, ով իշխանության ներկայացուցիչ է: Մեզանից ո՞վ է Վազգենին ավելի շատ սիրում, դժվար է ասել: Կասկած չկա, որ նա հարգում է Վազգենին մինչեւ հոգու խորքը, որ ամեն առիթ եղած ժամանակ սիրով հիշում է նրան: Բայց ես աշխարհընկալման իմ մոտեցումն ունեմ, Հայաստանը հասկանալու իմ ձեւը, որակը ու դրա դատավորը ժողովուրդն է ու Աստված:

Վազգեն Սարգսյանի հետ անհամաձայնություններ ունեցե՞լ եք, որ ժամանակի ընթացքում հասկացել եք, որ ճիշտը նա էր:

Այո ունեցել եմ, բայց եղել են նաեւ դեպքեր, որ պարզվել է, որ նաեւ ես եմ ճիշտ: Սակայն հիմնականում ինքն է  ճիշտ եղել: Մեր բանավեճը հիմնականում քաղաքական գործընթացներում կադրերի հետ կապված է եղել: Կային մարդիկ, որոնց ես չէի ընդունում ու առայսօր էլ չեմ ընդունում: Նրանց անունները չեմ ուզի տալ: Այդ որակներն այսօր իշխանության մեջ կան: Այդ որակները Վազգենից հետո էլ մնացին իշխանության մեջ եւ միշտ իրենց տեղը իշխանության մեջ գտնում են: Բայց կային դեպքեր, երբ Վազգենը միանշանակ ճիշտ էր: Շատ-շատ տղաներ, որոնք մինչեւ պատերազմը մանր ու միջին հանցագործությունների համար հայտնվել էին բանտերում, պատերազմում այնպիսի սխրանքներ գործեցին, որ հազար կրթված, գիտակից ճառեր ասողի մեջ չէիր տեսնի: Վազգենը մարդու մեջ մարդ էր տեսնում, թերությունները թողնում էր մի կողմ եւ դրականը տեսնելով փորձում էր շտկել: Ուրիշ խնդիր, որ Վազգենից հետո այն ժամանակվա գործող նախագահը փորձեց մարդկանց մեջ տեսնել այն թուլությունները, շահագրգռել այդ մարդկանց դրանցով ու դրանով ամենամեծ բարոյական, քաղաքական հոգեբանական վնասը տալով երկրին: Այդտեղից է սկսում արտագաղթը, հուսահատությունը եւ անարդարության զգացողությունը: Վազգենի պարագայում միշտ հույս կար:

Վազգեն Սարգսյանին որքան էլ շատերը ճանաչում են որպես ուժեղ եւ կոպիտ, խիստ եւ պահանջկոտ մարդ, իր ստեղծագործություններում նա թույլ է, ով կարողանում է  միաժամանակ յուօրինակ սիրով սիրել: Կխնդրեի խոսեիք նաեւ նրա այդ որակների մասին:

Հոգու խորքում նա արձակագիր էր: Իր այդ որակներն ինքը դրսեւորել է իր այդ գործերում: Վազգենին մեղադրում էին, որ փողոցից մարդկանց բռնում, ռազմաճակատ էր տանում` բա ի՞նչ աներ: Տղաների ստվար զանգվածը առաջին մարտերում զոհվել էր, հետեւից եկողը չկար, իսկ արյունով գրաված սահմանը բաց էր մնացել: Ինքն այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Գրող լինելով միաժամանակ հասկանում էր, որ իրենով վախեցնելու են: Բայց այսօր դա գնահատված է: Շատ-շատ կուզեի, որ նա այսօր դա տեսներ: Վազգենին սիրում են նրա համար, որ այսօր բոլորը հասկացել են, թե Վազգենն իրենց ինչքան է սիրել: Ինչ է եղել Վազգենն իմ մոր համար, իմ համար: Ես ինքս իրեն իր կենդանության ժամանակ այդպես չեմ գնահատել, որի համար շատ-շատ եմ ափսոսում: Սիրելն ընդհանրապես բառերով չի: Սիրելու մասին շշուկով ականջին են ասում:

Պարոն Սարգսյան, եթե կարելի է, անդրադառնանք նաեւ ներքաղաքական զարգացումներին: Սկզբնական շրջանում մասնակցում էիք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, թեեւ հարթակում չէիք: Բայց վերջին հանրահավաքներին Ձեզ չենք տեսնում: Կարելի՞ է ենթադրել, որ եկել եք այն համոզման, որ սա այն ուժը չէ, որի միջոցով հնարավոր կլինի հեղափոխություն իրականացնել:

Հանրահավաքներին մասնակցել եմ մի պարզ պատճառով, որ ես ինքս եւ «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցել նախագահական ընտրություններին: Համարել ենք կոռեկտ, որ հարթակում լինեն ուժեր, որոնք հավատացել են ժողովրդին, որոնք տեսել են, որ այս ժողովուրդն ունի այդ կամքը, կարող է «ոչ» ասել այս իշխանություններին: Փառք ու  պատիվ իրենց` իրենց հավատի համար: Ես զարմացած եւ հիացած եմ մեր ժողովրդով: Դրա համար ես, լինելով այս ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, մասնակցել եմ այդ հանրահավաքներին իմ բողոքն իմ մասնակցությամբ արտահայտելու:

Ինչ վերաբերում է գնահատակններին, ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի քաղաքական փորձառություն` քաղաքական գործընթացները տանելու եւ ճիշտ չեմ համարում այսօր քաղաքական գնահատականներ տալը: Եւ վերջիվերջո, քաղաքական գնահատականները տալիս է ժողովուրդը հանրահավաքների մասնակցության դինամիկայով եւ դրանով է երեւում, թե քաղաքական գործիչն ինչքան է հմուտ իր քաղաքական թիմով իր հնարավորություններն օգտագործելու գործում: Ես գնահատական չեմ տա,  քանի որ կարծում եմ գնահատականը ժողովուրդը կտա:

Ինչպես հասկացա հարթակում չեք լինի:

Ճիշտ չի լինի հարթակում իմ գտնվելը, ելույթներ ունենալը, որովհետեւ ես չեմ մասնակցել այդ գործընթացին: Ավելին` ընտրել եմ այլ թեկնածուի:

Իսկ ո՞ւմ եք ընտրել:

Հրանտ Բագրատյանին:

Իսկ դուք  «Ժառանգության» եւ իշխանության համագործակցությա՞ն տարբերակի կողմնակից եք, թե՞  իշխանափոխության:

Ես խորհուրդներ չեմ տա Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ճիշտ չեմ համարում դա: Համարում եմ, որ Րաֆֆին իսկապես փորձառություն ունի ու ճիշտ քայլեր կձեռնարկի: Իսկ այդ քայլերը ճիշտ կլինեն, թե` սխալ, որակումը կտա ժողովուրդը հանրահավաքներին իր մասնակցությամբ: