Դիլիջանի իշխանություններն իրենց անվայել են պահում՝ վախեցնելով բնակիչներին եւ արգելելով մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը:

«Մարդկանց վախեցնելը, հսկող տեսախցիկներ տեղադրելը տղամարդուն եւ մարդուն վայել քայլեր չեն», - ընդգծել է ընդդիմադիրը՝ արձագանքելով տեղի բնակիչների բողոքին: Դիլիջանի քաղաքապետարանի մոտի հրապարակում Սաֆարյանը բնակիչներից բողոքներ էր լսել այն մասին, որ տեղական իշխանությունները կենտրոնից հանել են բոլոր տաքսիները, իրենց էլ կարգադրել են հանդիպման չգնալ:  Քաղաքապետարանի աշխատակիցները, որի հասցեին կտրուկ մեղադրանքներ հնչեցին, շենքի երկրորդ եւ երրորդ հարկերի պատուհաններից հետաքրքրությամբ հետեւում էին հանրահավաքին: