Էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու, երեկ կալանավորված Վարդան Սեդրակյանը պատրաստվում է բողոքարկել իր դեմ նման խափանման միջոցի կիրառումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ այսօր նրանք պատրաստվում են գրել բողոքը եւ վաղը ներկայացնել դատարան` Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, փոխելու համար: Նա շեշտեց, որ մեծ սպասելիքներ չունեն դատարանից, թե խափանման միջոցը կփոխվի, բայց դատարան չդիմելը սխալ է:

Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ Վարդան Սեդրակյանը չի ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները, ցուցմունք չի տվել: «Սեդրակյանը չի կարող ընդունել մի բան, որը իրեն հասկանալի չէ: Զուտ որպես իրավաբան` կարող եմ ասել, որ մեղադրանքն անհիմն է, որովհետեւ հիմքերը նշված չեն: Ինձ ասում են, որ դու արել ես սա, բայց ինչո՞վ են հիմնավորում»,- նշեց նա:

Նրանք այսօր դիմելու են քննիչին, որպեսզի իրենց պարզաբանի մեղադրանքի հիմքը, այսինքն` նրան կալանավորել են ցուցմունքներվ, տեսագրությամբ, թե մեկ այլ բանի հիման վրա: Առայժմ թե Վարդան Սեդրակյանը, թե նրա պաշտպանը մեղադրանքի որեւէ հիմքից տեղյակ չէ: Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանի տան, մեքենաների խուզարկությունից որեւէ բան չի հայտնաբերվել: «Եթե կա նման մեղադրանք, տրամաբանական է, որ նաեւ պետք է խուզարկվեր, նաեւ պետք է կալանավորվեր, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ հիմքով է դա արվել»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Ի դեպ, փաստաբանը պատրաստվում է այսօր հանդիպել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վարդան Սեդրակյանին եւ քննարկել պաշտպանությանը առնչվող ընթացիկ հարցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Մինչեւ այդ, այսօր` մարտի 5-ին, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, նաեւ նրա տանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»: Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:

ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնել էին, որ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am