Հանրահավաքին կանգնած յուրաքանչյուր մարդ ներկայացնում է հազարին: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Նույնիսկ պաշտոնական տվյալներով մենք այստեղ հավաքել ենք 45 տոկոս ձայն: Բայց մեր ժողովրդի հաղթանակը չափվում է ոչ միայն պաշտոնական հաղթանակով: Ձեր հաղթանակն այն է, որ փետրվարի 18-ին հաղթեցիք ձեր վախը: Ձեզանից յուրաքանչյուրը, ով կանգնած է այստեղ, ներկայացնում է հազար մարդու: Չնայած բոլոր սպառնալիքներին, որ հնչել են ձեր հասցեին: Եւ ես խոստանում եմ, որ նա, ով խախտել է մարդու իրավունքները, լինի քաղաքապետ, ոստիկան կամ ինչ-որ մեկը, պատասխանելու է օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա կրկին հանդիպել է կողմնակիցների հետ` ասելու, թե պայքարը շարունակվում է: «Ես եկել եմ ողջունելու ձեզ եւ ուժ ու հաջողություն մաղթելու` աշխատողներին ու գործազուրկներին, թոշակառուներին եւ ուսանողներին: Նրանք, ովքեր զբաղվածության պատճառով չկարողացան միանալ, եւս մեզ հետ են: Եւ Դիլիջանը կդնի վերադարձի հիմքերը, վերադարձի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից դեպի հայրենիք: Ես այս քաղաքը շատ վաղուց եմ հիշում, այստեղ իմ մեղրամիսն է անցել: Եւ Դիլիջանը կվերածնվի, կդառնա ոչ միայն բանկային, տուրիստական, այլեւ վերադարձի կենտրոն»,- ասել է նա:




























