«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված  սիրիահայ ընտանիքներին: 

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռեւս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի  փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։

Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, եւ դրանք  ամբողջացնելու համար  մարտի 5-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը եւս 4.000.000  մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ»  հիմնադրամին:

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաեւ Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար,  պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաեւ տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին եւ ուսուցիչներին:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարեւոր ներդրումը    բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։