Հայաստանի արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական եւ իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ:
«Ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ եւ հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար»,-ասված է ԴԱՀԿ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայստանի Օմբուդսմենը իր 2012-ի զեկույցում անդրադառնալով ԴԱՀԿ ծառայությանը, նշել էր հետեւյալը.
«Մտահոգության տեղիք է տալիս, որ ձեւավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետեւողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, եւ արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում»:




























