Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունման մեջ: Այդ մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Ես վերջերս զրուցել եմ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, եւ նա ասաց, թե հայկական կողմը դեռ չի ներկայացրել իր առաջարկությունները հիմնարար սկզբունքների չհամաձայնեցված պահերի կապակցությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, երկիրը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ հայ եւ ադրբեջանական համայնքների համատեղ բնակության պայմաններում:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, եւ Բաքուն շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունման մեջ: «Եթե գործընթացն արգելակվի, հարց կծագի՝ ի՞նչ է լինելու հետո: Եւ այդ հարցը բանակցությունների մյուս մասնակիցները պետք է տան իրենք իրենց», ասել է Մամեդյարովը: