Աֆրիկյան առյուծը ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում հարձակվել է վայրի կենդանիների կացարանի աշխատակցուհու վրա: Ստացված վնասվածքներից 26-ամյա կամավորական աղջիկը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել խոշոր կատուների համար նախատեսված Cat Haven կացարանում, որը գտնվում է Լոս Անջելեսից 360 կմ հյուսիս գտնվող Դանլապ քաղաքում:
Կուս-կուս անունը կրող 4 տարեկան առյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա շատ է մոտեցել կենդանուն: Շրջանի շերիֆի տեղակալը, ժամանելով դեպքի վայր, գնդակահարել է առյուծին:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 40 հա մակերեսով կացարանի տարածքում ավելի քան 20 կատվազի կենդանի է ապրում, այդ թվում վագրեր, լեոպարդներ, հեպարդներ:
Ամեն տարի Cat Haven է այցելում մոտ 10 հազար մարդ: Big Cat Rescue կազմակերպության ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ում 1990-ից ի վեր վայրի կատուների հարձակումների պատճառով զոհվել է 21 մարդ, այդ թվում 5 երեխա, եւս 246-ը տուժել է:




























