ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի վերջին: Այս մասին այսօր` մարտի 7-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն մարտի 4-րդ շաբաթին»,-ասել է Նալբանդյնաը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ վերջին հանդիպման ընթացքում անհանգստություն էին հայտնել` կապված քաղաքացիական օդանավերի դեպի Ղարաբաղ չվերթների հետ: Այս մասին ասվել է մարտի 4-ին հրապարակված նրանց հայտարարության մեջ:

«Համանախագահները կրկին իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական չվերթների եւ շփման գծում ուժի կիրառման վերջին դեպքերի առնչությամբ: Նրանք նաեւ քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման գաղափարները: Համանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն Ղարաբաղ, որպեսզի նախագահների հետ քննարկեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ համանախագահներ Իգոր Պապովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իեն Քելլին (ԱՄՆ) Փարիզում մարտի 2-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 3-ին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: