2010 թվականը լավատեսություն է հաղորդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաեւը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Բոլոր կողմերը պետք է օգտագործեն ստեղծված պայմանները: Հաջողության հասնել հնարավոր է, եթե երկու կողմն էլ կառոցողական լինեն»,- հայտարարել է Սաուդաբաեւը:
Տարածաշրջան կատարած իր այցի գլխավոր նպատակը ԵԱՀԿ գործող նախագահը համարել է տվյալ խնդրի ողջ սպեկտրի ուսումնասիրումը: «Աշխարհում շատ մարտահրավերներ եւ սպառնալիքներ կան, որ համարժեք լուծումներ եւ դիտարկումներ են պահանջում: Կարեւոր տեղ են զբաղեցնում չկարգավորված հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյանը: ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության գլխավոր գերակայություններից է»,- նկատել է նա:
Սաուդաբաեւի խոսքով, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սկսած 90-ականներից՝ երբեք չի նվազեցրել այդ խնդրում իր ուշադրությունը:
«Ղազախստանը պատրաստ է կոնկրետ միջոցներ մշակել եւ զգալի ավանդ ունենալ խնդրի լուծման գործում: Մենք կառուցողական բանակցություններ ենք վարել Էլմար Մամեդյարովի հետ, այժմ էլ սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- հավելել է Սաուդաբաեւը:




























