Այսօր հայ-թուրքական մերձեցման գործընթացը, առավել քան երբեւէ, մոտ է ձախողման: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Նրա խոսքով, Թուրքիան հայտնվել է բարդ կացության մեջ, եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Անկարայի համար դժվար խնդիր է: «Այդ ամենը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սխալ քաղաքական հաշվարկի արդյունքն է, որը Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո մտածեց, թե կողմերը մոտ են ստորագրմանը, ուստի շտապեց հայ-թուրքական մերձեցումը կապել անվտանգության գոտու վերադարձման հետ, Ադրբեջանին ցույց տալու, թե Անկարան շահագրգռված է այդ հարցում: Սակայն Մադրիդյան սկզբունքները, որ նախատեսում են հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ, չստորագրվեցին, եւ Էրդողանն այժմ դարձել է իր հայտարարության գերին՝ հրաժարվել չի կարող, ուստի Թուրքիան այս անգամ որոշել է իր հրաժարումը պատճառաբանել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ»,- ասել է Թորոսյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե Հայաստանը եւս նախանձելի վիճակում չէ, քանի որ ձախողումից նա միայն կշահի, եւ դա գիտակցում են այն պատգամավորները, որոնք ճնշման տակ պարտավոր են հաստատել արձանագրությունները:
Թորոսյանը նշել է նաեւ, թե հայ-թուրքական մերձեցումը կանգնեցնելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ըստ Թորոսյանի՝ սահմանի բացումը Հայաստանին առանձնակի օգուտներ չի կարող տալ, քանի որ «կա առեւտրային հաղորդակցություն Վրաստանի տարածքով»:
Ըստ Թորոսյանի՝ կա երկու պայման, որ Թուրքիային կստիպեն վավերացնել արձանագրությունները, դա ԱՄՆ խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման հեռանկարն է եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձը: «Հնարավոր է, որ Թուրքիան դրանք կանխելու համար վավերացնի արձանագրությունները»,- ասել է Թորոսյանը:




























