Բելգիայում երկու ուղեւորատար գնացքների ճակատային բախման արդյունքում երկուշաբթի՝ փետրվարի 15-ին զոհվել է նվազագույնը 20 հոգի:

Ինչպես հաղորդում է VRT-ն, աղետը տեղի է ունեցել բելգիական մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Հալե քաղաքի մոտ տեղական ժամանակով ժամը 8։30-ին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ առաջին վագոնները դուրս են եկել ռելսերից:

Գնացքների շարժը այդ հատվածում՝ նաեւ Բրյուսելի եւ Փարիզի միջեւ, դադարեցվել է: Ներկայումս փրկարարները շարունակում են հանել տուժածներին, որոնք մնացել են ծռմռված վագոնների մեջ:

AP-ի տվյալներով, բախումը տեղի է ունեցել ուժեղ ձյան պայմաններում: Տուժածների կոնկրետ թիվը դեռ չի հաստատվել: