Ռուսաստանի Արխանգելսկի մարզում հինգ մարդու վթարի ենթարկած վարորդը գնացքի տակ է նետվել: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ նախնական տեղեկության` Կիզեմա ավանում ՎԱԶ-2108-ի 22-ամյա վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը եւ բախվել ճանապարհի երկայնքով անցնող մարդկանց խմբին: Տուժել էր հինգ մարդ, այդ թվում` երկու երեխա:
Վթարի մեղավորը լքել է մեքենան եւ վազել դեպի երկաթգիծը՝ նետվելով ընթացող Մոսկվա-Վորկուտա գնացքի տակ:
LifeNews-ը հայտնում է, որ 22-ամյա վարորդ Կոնստանտին Աբրամովը չի հետաքրքրվել տուժած հետիոտների վիճակով եւ չի նկատել, որ նրանք բավականին թեթեւ վնասվածքներ էին ստացել: Վախենալով, որ մարդիկ մահացել են, Աբրամովը վազել է դեպի երկաթգծերը եւ նետվել գնացքի տակ:
Հինգ հետիոտներից հիվանդանոց են տեղափոխվել չորսը` 2010թ. ծնված աղջիկը, 1986թ. եւ 1961թ. ծնված կանայք եւ 1989թ. ծնված մի տղամարդ: 2012թ. ծնված տղան համարյա չի տուժել:




























