Իսպանիայի Բարսելոն քաղաքում փետրվարի 15-ին աշխատանքն է սկսել բջջային կապի ոլորտի ընկերությունների համաշխարհային կոնգրեսը։ Ինչպես տեղեկացնում է theinquirer.net-ը համաժողովին մասնակցում են ավելի քան 1300 բջջային կապի ծառայություններ ապահովող եւ հեռահաղորդակցության միջոցներ արտադրող ընկերություններ, մասնակիցների թիվն ացնում է 50 հազարը։ Համաժողովը տեւելու է մինչեւ փետրվարի 19-ը, որի ընթացքում քննարկվելու են հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող խնդիրները։
Միջոցառման շրջանակում նաեւ ցուցահանդես է կազմակերպվելու, որտեղ ընկերությունները ներկայացնում են բջջային հեռախոսների նոր մոդելներ եւ բջջային կապի զարգացման նորագույն լուծումներին համապատասխան ծրագրեր։ Այս ոլորտի խոշոր օպերատորները հայտարարել են, որ պատրաստ են մինչեւ 72 մլրդ դոլար ներդրում կատարել բջջային կապում լայնաշերտ ինտերնետի ներդրման եւ զարգացման համար։
«ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրին, որ ընկերությունում քննարկում են բարսելոնյան կոնգրեսին մասնակցության հարցը՝ տեխնիկական տնօրենի մակարդակով։ VivaCell-MTS-ի ներկայացուցիչն արդեն Բարսելոնում է, NEWS.am-Ինովացիայի թղթակցին ասացին ընկերության մամուլի ծառայությունից, իսկ Orange Արմենիայից նշեցին, որ ընկերությունը համաժողովին չի մասնակցելու։




























