Մոսկվայում 88 տարեկան հասակում մահացել է խորհրդային գրող, «Իսկ արշալոյւսներն այստեղ խաղաղ են» պատմվածքի հեղինակ Բորիս Վասիլեւը: Նրա մահվան մասին հայտնել են Մոսկվայի գրողների միությունից: «Բորիս Վասիլեւի լուսավոր հիշատակը կմնա մեր սրտերում»,-ասված է կազմակերպության պաշտոնական կայքում, մեջբերում է «Կոմերսանտը»:
Բորիս Վասիլեւը ծնվել է 1924 թվականին` Սմոլենսկում: Դեռեւս դպրոցական տարիներին նա տարվել է թատրոնով եւ գրականությամբ: Պատերազմն սկսելուց հետո 17-ամյա Բորյան կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1943 թվականին վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Նույն թվականին ընդունվել է զրահատանկային եւ մեխանիզացված զորքերի ռազմական ակադեմիա:
Նա սկսել է գրել 1950-ականների սկզբին: Բորիս Վասիլեւին առավել ճանաչում են բերել «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», «Վաղը պատերազմ էր» պատմվածքներն ու «Ցուցակում չկար» վեպը:
1972-ին նկարահանված «Իսկ արշալոյւսներն այստեղ խաղաղ են» ֆիլմը նրան համամիութենական ճանաչում բերեց: Բորիս Վասիլեւի գրչին է պատկանում նաեւ «Մի կրակեք սպիտակ կարապների վրա» պատմվածքը, որի մոտիվներով համանուն ֆիլմը նկարահանվել է 1980-ին:




























