Ինտերնետի զարգացմանը զուգընթաց՝ լրատվական, տեղեկատվական միջոցների համար նոր վիճակ է ստեղծվել, տեղի է ունենում տարբեր մեդիաների հարամիտում (կոնվերգենցիա): Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը` ավելացնելով. «Այսօր մեդիայի տարբեր տեսակները` թերթը, ռադիոն, հեռուստատեսությունը միախառնվում են, և արդյունքում ունենում ենք նոր վիճակ և նոր հնարավորություններ»,- ասաց Գ. Չուգասզյանը:

Ըստ Գ. Չուգասզյանի` մոտ ապագայում արդեն այս ամենը իրարից տարանջատելն ուղղակի անհնար կլինի։ «Հեռուստատեսությունը չի վերանա, սակայն ձեռք կբերի բոլորովին նոր ֆունկցիաներ` ինտերակտիվ հեռուստատեսության հնարավորություններ», նշեց նա:

Գարեգին Չուգասզյանի խոսքով` ավանդական լրատվամիջոցները մրցակցությունից դուրս չմնալու համար արդեն իսկ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, քանի որ «այժմ երիտասարդությունը իրեն անհրաժեշտ նյութերը YouTube-ից է նայում կամ ինտերնետային որևէ այլ կայքում է գտնում»: