Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը։ Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը։ Վերջինիս պարզաբանմամբ, նախաձեռնողական քաղաքականություն ասելով նկատի ունի այն, որ հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում Հայաստանը չպետք է սպասի Թուրքիայի քայլին եւ արձանագրություները ներկայացնի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը։ ԱԺ փոխնախագահը արձանագրությունների վավերացման երկու այլ սցենար էլ է տեսնում։ Մեկը, որ Հայաստանը սպասի, թե երբ է Թուրքիան վավերացնում արձանագրությունները, մյուսը՝ վավերացման գործընթացները Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում կատարվեն միաժամանակ, ինչը Նիկոյանի համոզմամբ, այդքան էլ հավանական չէ. խորհրդարանների ընթացակարգերը տարբեր են։ Սակայն վերոնշյալ տարբերակներից Նիկոյանին ամենից ավելի դուր է գալիս առաջինը.
«Հայաստանն է այս ամենի նախաձեռնողը, ուստի նա էլ պետք շարունակի իր սկսած քաղաքականությունը»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։




























