Իսրայելում գոյություն ունի այդ երկրի քաղաքականության համար բավական ավանդական լարվածություն եւ  շատ բացասական զգուշավոր վերաբերմունք Իրանի նկատմամբ: Իրանը նրանց կողմից ընկալվում է որպես Մերձավոր Արեւելքում իշխելու հնարավոր թեկնածու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Իրանը Իսրայելի դեմ պատերազմող շատ պետությունների է հովանավորում, եւ Իսրայելում պարզապես վախենում են Իրանի հզորացումից: Դա միշտ չէ, որ այդպես էր:  Մինչեւ 1978-79թթ. Իսլամական հեղափոխությունը Իրանը եւ Իսրայելը դաշնակիցներ էին: Այժմ դա այդպես չէ»,- նշել է քաղաքագետը:

Ըստ նրա՝ Իրանի վախը հաստատվում է հենց Իրանից անընդհատ հնչող հայտարարություններով: «ճիշտ է, այդ հայտարարություններն ավելի շատ հասցեագրված են արաբներին, քան հրեաներին, սակայն դա միջոց է Մերձավոր Արեւելքում որոշակի դեր խաղալու համար: Հենց որ ինչ-որ երկիր ցանկանում է Մերձավոր Արեւելքում լուրջ դեր խաղալ, այդ երկրի ղեկավարները պետք է մի փոքր հակասեմական դառնան: Այդպիսին են խաղի կանոնները»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ բերելով Թուրքիայի օրինակը: