ԱԳՆ շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի փոխարեն հո հասարակաց տուն չի՞ կառուցվում, որ նման աղմուկ են բարձրացնում: Այս մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, հավելելով, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա:

Նա ասաց, որ ինքը եւս կլինի պայքարողների շարքում միայն մի դեպքում. «Եթե հանկարծ շենքի կերպարը փոխվի: Գիտեք այդ շենքի ներքին բովանդակությունը քանի անգամ է փոխվել: Ես նոր շենքի նախագիծը տեսել եմ, փայլուն նախագիծ է եւ գիտեմ ինչ ենք շահում այդտեղ: Տեխնիկական եւ անվտանգության պահանջներ կան նման գերատեսչությունների համար, որոնք այդտեղ չեն ապահովվում: Օրինակ, չգիտեմ որ երկրի նախարարը որ գալիս է այդ լայն մայթը ժողովրդի միջով չպետք է անցնի»:

Լեւոն Իգիթյանի փոխանցմամբ՝  այդ շենքն ԱԳՆ-ի համար չի նախատեսված: «Ինչ վերաբերում է նրան, որ հյուրանոց են սարքում. հիմա ներողություն, հյուրանոցը հո հասարակաց տուն չի՞: Ինչի՞ են ամեն անգամ հյուրանոց ասելով ուրիշ բան պատկերացնում»,- ասաց Լեւոն Իգիթյանը: Նա նաեւ համոզված է, որ փակ շուկայի պատմամշակութային արժեքն էլ չի վնասվի: