Եվրոյի գոտում հերթական գլխացավանքն է հասունանում` Կիպրոսը կարող է հայտարարել իր անվճարունակության մասին: Վարկանշային Moody's գործակալության զեկույցի համաձայն` Կիպրոսում կարող են միլիարդավոր դոլարներ կորցնել բոլոր այն անձինք, որոնք այդ երկրի բանկերում միջոցներ են ներդրել: Օրինակ` միայն Ռուսաստանի հնարավոր կորուստները գնահատվում են 19 մլրդ դոլար:
Կիպրոսի Կենտրոնական բանկի նախագահ Պանիկոս Դեմիտրիադեսը հայտարարել է, որ եթե մարտին Եվրամիությունը 17 մլրդ եվրո ֆինանսական օգնություն չհատկացնի, ապա «եվրոյի գոտին կհայտնվի համակարգային վտանգի առջեւ»:
Չի բացառվում, որ Կիպրոսի բանկերում հաշիվներ ունենան նաեւ հայաստանցի գործարարները: Կիպրսը միշտ էլ հայերի համար դիտվել է որպես կապիտալի խաղաղ հանգրվան: Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի` նախորդ տարիներին Հայաստանից հանվել է 2-3 մլրդ դոլար: Ամենայն հավանականությամբ` դրանց մի մասը հայտնվել է Կիպրոսում: Բացի այդ` «կիպրոսյան աղետից» կարող են տուժել նաեւ ռուսաստաբնակ մեծահարուստ հայերը:



























