Չի բացառվում, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին (ապրիլի 27-30) մասնակցի միայն ՀՀԿ-ն ներկայացնող պատվիրակներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, բայց ներկա պահին մամուլից ինձ հայտնի է, որ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը հաստատ չի մեկնելու Ստրասբուրգ, պատվիրակության մյուս անդամների մասին ոչ մի տեղեկատվություն չունեմ»,-հայտարարեց նա:
Հարությունյանի խոսքով՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կներկայացվի զեկույց Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ, սակայն ներկայումս զեկույցը դեռ պատրաստ չէ: Նա նաեւ տեղեկացրեց, որ նստաշրջանում քննարկվելիք հարցերը ուղղակի կապված չեն Հայաստանի հետ:
Շրջանառվող տեղեկություններին, թե ընդդիմադիր պատվիրակների բացակայության արդյունքում, ՀՀԿ-ական պատվիրակները զեկույցում կներկայացնեն, որ Հայաստանի ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, Հարությունյանն արձագանքեց. «Մենք հնարավորություն կունենանք ներկայացնել մեր տեսակետը նախագահական ընտրությունների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է մեր ընդդիմադիր գործընկերներին, ապա նրանք ունեն հնարավորություն ներկայացնել իրենց դիրքորոշումը եթե ոչ բանավար, ապա՝ գրավոր»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական անդամներ են Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ) եւ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ): Պատվիրակության փոխարինող անդամներն են Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) եւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):



























