Այսօր՝ մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, որի ժամանակ նա բարձր է գնահատել Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական եւ տնտեսական համագործակցության իրագործման վրա:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատել է որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարեւորել է օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր է գնահատել ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ այս համատեքստում կարեւորել է ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրել է հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Համագործակցության հուշագիր են ստորագրել: