Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մարտի 15-ին, ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել եւ շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք:  Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են երկու  երկրների ժողովուրդների միջեւ հաստատված փոխադարձ հարգանքին եւ բարեկամությանը` նշելով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունն  ավելի սերտացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության  բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքում  նախկինում իրականացված առավել արդյունավետ ծրագրերին, հատկապես` Հնդկաստանի կառավարության կողմից  Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրած  300 տրակտորներին, Հնդկաստանում հայկական  ծիրանի այգու հիմնմանն ու հայ մասնագետների  վերապատրաստմանը Հնդկաստանում:

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հակիրճ ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը եւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց  արդյունքնում հնարավոր է եղել գյուղատնտեսության ոլորտում արձանագրել 9.5 % աճ: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բաբուն  նշել է, որ պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի   գյուղատնտեսությունը  եւ նույնպես հնարավոր է համարում, այս ոլորտում երկկողմ  համագործակցության զարգացումը:

Դեսպանը   նախարարին տեղեկացրել է, որ հնդկակական կողմն  ուսումնասիրել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման  անցկացման աշխատանքներում հնդկակական կողմի հնարավոր մասնակցությունը եւ նշել է, որ Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել տեխնիկական եւ  մասնագիտական աջակցություն այդ գործընթացին`  հատկապես,  որ վերջիններս ներգրաված  են եղել Հայաստանում 2011 թվականին անցկացված  մարդահամարի աշխատանքներին:

Դեսպանն  առաջարկել է նամակով դիմել այն ծրագրերի մասին , որոնցում  ակնկալվում է  Հնդկաստանի կառավարության  աջակցությունը ,  ստացված առաջարկությունները դեսպանը կքննարկի  Հնդկաստանի կառավարության հետ եւ կտեղեկացնի հնարավոր աջակցության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրմանը` մասնավորապես կարտոֆիլի եւ կաթնամթերքի վերամշակման  ոլորտում:

Նախարարը հանդիպման ավարտին ընդգծել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը: