Ֆրանսիացի գործարար, Group Casino ընկերության հիմնադրի ծոռ Կսավյե Կեմլենը դատի է տվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհուն, երկրի ոչ պաշտոնական առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերին՝ մեղադրելով նրան պետական միջոցները վատնելու մեջ:
Կեմլենը հայտարարել է, որ «վրդովվեցուցիչ է համարում, որ մեր հարկերն օգտագործվում են, որպեսզի բնակավայրով, ուտելիքով, անձնակազմով ապահովեն տիկնոջը, ում հետ մենք չունենք ոչ մի իրավական հարաբերություններ»:
Հոռետեսները կասկածում են, որ հայցը կքննարկվի կամ Տրիերվեյլերի նկատմամբ հետաքննություն կսկսվի, հաղորդում է BFM.RU-ն:
Տրիերվեյլերը Օլանդի հետ ծանոթացել է 1988-ին, սակայն ռոմանտիկ հարաբերությունները նրանց մոտ սկսվել են միայն 2007-ին, երբ Օլանդը բաժանվել է իր առաջին կնոջից: Պաշտոնապես նրանք իրենց հարաբերությունների մասին հայտարարել են 2012-ին, սակայն այդպես էլ չեն ամուսնացել:




























