Այսօր՝ մարտի 15-ին, կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական եւ հոգեւոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունեց հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին եւ կարեւորեց ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը:  Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական եւ հոգեւոր կառույցներին ներկայացվեց վերջին շրջանում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով հայկական համայնքում տիրող իրավիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական կազմակերպություններին: Այս գործում անգնահատելի դերակատարում ունեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնե ՀԿ-ն, «Օգնիր եղբորդե քաղաքացիական նախաձեռնությունը, «Հայաստանե համահայկական հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիները, Հայ օգնության միությունը, տեղական եւ միջազգային այլ կառույցներ:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրեց պետության եւ հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից երեւանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարեւորվեց ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ:

Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարեւորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության եւ աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշեց, որ մշակման փուլում է սիրիահայերին երեւանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց Արման Սաղաթելյանի` «Արաբական գարնան սիրիական աշունըե հեղինակային ֆիլմը: Հեղինակը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմը պատմում է պատերազմի թեժ օրերին Հալեպի «Նոր գյուղե (Մեյդան) թաղամասում բնակվող հայ համայնքի ծանր վիճակի մասին:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, կարծիքների փոխանակում: Կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հետագայում եւս շարունակել եւ ակտիվացնել համագործակցությունը, ինչպես սիրիահայերի աջակցության, այնպես էլ հայապահպանական նշանակության հարցերի լուծման ուղղությամբ, եղան սիրիահայերին աջակցելու կոնկրետ առաջարկներ: