Ս. թ. հոկտեմբերին Վրաստանում կսկսվեն վրացերեն լեզվի հեռուստադասընթացներ ադրբեջանցիների համար,- հաղորդել է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ վկայակոչելով «Ինտերնյուս-Վրաստան» հիմնադրամը։ «Մարնեուլի-TV» հեռուստաընկերությունը, որի հեռարձակումն ընդգրկում է էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի մի քանի շրջաններ, ձեռնամուխ կլինի նոր ծրագրի իրականացմանը։

«Դա կլինի դասընթաց 10-12 աշակերտի մասնակցությամբ։ Խորհրդային ժամանակներում ուսումնական նման հաղորդումները ցուցադրվում էին պետական ալիքով, և այն ժամանակ հեռարձակվում էին ֆրանսերեն լեզվի դասընթացներ։ Վրացերենի հեռուստադասընթացները վարելու են Լեզվաբանության ինստիտուտից հրավիրված մասնագետները»,- նշել է «Մարնեուլի-TV»-ի տնօրեն Շալվա Շուբլաձեն։

Շուբլաձեն նշում է, որ ադրբեջանական բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում վրացերեն ուսանելու նկատմամբ. «Տարածաշրջանի էթնիկ ադրբեջանցիները դժվարանում են շփվել վրացիների հետ, քանի որ նրանք չեն տիրապետում պետական լեզվին։ Հատկապես դժվար է երիտասարդների համար, որոնք չգիտեն նաև ռուսերեն լեզուն»։