Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի աճյունը մարտի 15-ին տեղափոխել են Հեղափոխության թանգարան: Հարյուր հազարավոր վենեսուելացիներ դուրս են եկել Կարակասի փողոցներ` քաղաքական գործչին վերջին հրաժեշտը տալու:
Չավեսի դագաղը ուսերին տարել են իսպանացիների դեմ վենեսուելացիների ազատագրական պայքարի ժամանակների կարմիր համազգեստ հագած ութ զինծառայողներ: Հանդիսավոր արարողությանը հետեւել են երկրի բարձրագույն ղեկավարությունը, մահացածի հաազատները: Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն կարճ է խոսել. «Մենք կհաղթենք, սիրելի կոմանդանտե: Դու կարող ես խաղաղությամբ հանգչել, այստեղ քո առաքելությունն ավարտված է», հաղորդում է vesti.ru-ն:
Դագաղը տեղափոխվել է Հեղափոխութան թանգարան: Մեքենային ուղեկցել է հեծելազորը` սպիտակ ձիերով: Նրանց հետեւել է Չավեսի հարազատների եւ ղեկավարության սեւ մեքենաների շարասյունը:
Հեղափոխության թանգարանն այցելության համար բաց կլինի մարտի 16-ին: Հրաժեշտի ժամանակը սահմանվել է առավոտյան 9-ից մինչեւ 16.00-ն:
Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասն իր թվիթերում հայտնել է, որ իշխանությունները վերջնականապես հրաժարվել են Չավեսի մարմինը զմռսելու գաղափարից: Ըստ նախարարի` վճիռը կայացվել էր ռուս մասնագետների զեկույցից հետո:
Բժիշկները հայտնել էին, որ զմռսման համար մարմինը 8-9 ամսով պետք է տեղափոխվի Ռուսաստան, գրում է lenta.ru-ն:
Սակայն մինչ այժմ պարզ չէ, թէ որտեղ կամփոփեն կոմանդանտեի աճյունը: Առաջարկվել էր Չավեսին հուղարկավորել ազգային պանթեոնում, ուր հանգչում է անկախության պայքարի հերոս Սիմոն Բոլիվարը: Սակայն այդ դեպքում պետք է փոխեին Սահմանադրությունը, որն արգելում է պանթեոնում հուղարկավորելը, եթե մահվանից հետո չի անցել 25 տարի: Կա եւս մեկ տարբերակ` կոմանդանտեին ամփոփել հարազատ քաղաքում: Ասում են` այդպես ցանկանում էր ինքը՝ Չավեսը:




























