Իտալիայի խորհրդարանն առաջին նիստում չի կարողացել կողմնորոշվել երկու պալատների խոսնակների հարցում։ Կուսակցական առաջնորդների հետ կառավարություն ձեւավորելու խորհրդակցություններ սկսելու համար նախագահ Ջորջո Նապոլիտանոյին անհրաժեշտ է խորհրդարանի երկու պալատների խոսնակների առկայությունը։

Նախքան խոսնակների ընտրությունը ստորին պալատը ժամանակավոր  կգլխավորի աջակենտրոն կոալիցիայի ներկայացուցիչ Անտոնիո Լեոնեն, իսկ սենատում պարտականությունները կստանձնի նախկին վարչապետ եւ ցմահ սենատոր 92-ամյա Էմիլիո Կոլոմբոն, հայտնում է rbc-ն։

Նշենք, որ ընտրություններից հետո իտալական խորհրդարանում խառը իրադրություն է։ Ստորին պալատում ձախակենտրոնների բացարձակ մեծամասնություն է՝ Պիերլուիջի Բերսանիի գլխավորությամբ, իսկ սենատում նրանք 315 տեղերից 114-ն են զբաղեցնում։

Այս իրավիճակում խմբակցություններին անհրաժեշտ է պայմանավորվել խոսնակների ընտրության շուրջ։ Սակայն ոչ ոք փոխզիջման գնալու ցանկություն չունի։