Բաքվում Թուրքիայից նեղացած են։ Խանդի տեսարանի առիթը Երեւան-Վան չվերթի բացումն է։
ԱՊԱ-ն հայտնում է, որ իրավիճակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է եւ կրկին հայտարարում է, որ մենք հատուկ զգացմունքայնությամբ ենք վերաբերվում զավթիչ երկիր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի հետ ցանկացած շփումներին։ Հատկապես երբ շփման կողմը մեզ բարեկամ երկրներն են», - հայտնել է Հասանովը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն նման շփումները որպես Հայաստանին աջակցություն է դիտարկում.
«Այդ աջակցությունը երկարացնում է օկուպացման փաստը։ Երբ դա անում են պետությունները, որոնց ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, մենք դրան կրկնակի խանդով ենք վերաբերվում։ Սա միայն մեր վերաբերմունքը չէ։ Սա նաեւ Թուրքիայի հասարակայնության վերաբերմունքն է»։
Ա. Հասանովը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ, երբ խոսքը թուրք-հայկական սահմանի բացման մասին էր, այդ հարցին դեմ էին արտահայտվել Թուրքիայի հասարակայնությունը, քաղաքական կուսակցությունները եւ կառավարությունը. «Մենք Երեւան-Վան չվերթի բացումը գնահատում ենք որպես Հայաստանի օկուպացիոն ռեժիմի պաշտոնական աջակցություն»։




























