«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող կողմը վերաքնննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հունվարի 19-ին կայացրած դատավճիռը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Ըստ պաշտպանի՝ մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջում է մեղադրական դատավճիռ կայացնել նաեւ քր.օր.-ի 316 հոդվածի՝ 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Հիշեցնենք, որ այդ հոդվածով դատարանն արդարացրել էր Փաշինյանին, թեեւ մեղադրող Կորյուն Փիլոյանը երկու տարվա ազատազրկում էր պահանջել: Մեղադրող կողմը 6 տարի էր պահանել 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում), բայց Մնացական Մարտիրոսյանը Փաշինյանին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման:
Պաշտպանը հայտնեց, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը զուրկ է հիմքից եւ կրկնում է մեղադրական եզրակացությունը:
Պաշտպանը նշեց նաեւ, որ մինչեւ փետրվարի 19-ը Փաշինյանի պաշտպանները ներկայացնելու են վերաքննիչ բողոքը՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:




























