«Ավելի քան 2500 երկրպագուներս, պաշտոնապես հայտարարում ենք, որ Եվրատեսիլ-2010 մրցույթի նախընտրական փուլի ընթացքում հնարավորություն չենք ունեցել քվեարկել մեր նախընտրած զույգի օգտին»,- էլեկտրոնային փոստով նման հայտարարություն են տարածել «Եվրատեսիլ-2010» հայաստանյան մրցույթի մասնակից Էմմիի եւ Միհրանի երկրպագուները: Նրանք, նաեւ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից պահանջել են անցկացնել նոր քվեարկություն` «հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժյուրիի նախապատվությունը եղել է Էմմիի և Միհրանի օգտին»:
Հիշեցնենք, որ այդ մրցույթում հաղթող է ճանաչվել Եվա Ռիվասը, որից հետո Էմմին ու Միհրանը, ինչպես նաեւ դահլիճում նստածների մեծամասնությունը ցուցադրաբար լքել էին դահլիճը: Էմմիի մայրը` «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Նադեժդա Սարգսյանը հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ հաղորադագրությունները արգելափակվել են, եւ ինքը հնարավոր է հասնի մինչեւ դատարան:




























