«Էդվարդ Նալբանդյանը լինելով Հայաստանի ԱԳ նախարար իրենից ներկայացնում է „վինտիկ“ այն համակարգում, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ԱԳ նախարարի հրաժարականի պահանջի մասին հայտարարությունները, նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, «սա տոտալիտար համակարգ է, որտեղ որոշումներ են ընդունվում այդ համակարգին համահունչ` մեկ անձի կամ նաեւ նրա շրջապատի կողմից, որն իրականացնում են տարբեր ռանգի պաշտոնյաներ:
»Այս պարագայում Նալբանդյանի հրաժարական տալ-չտալը որեւէ իրական ազդեցություն չի կարող ունենալ: Դա է թերեւս պատճառը, որ ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ որպես այս իրավիճակից դուրս գալու միակ ուղի մատնանշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է որոշակի բեկում մտցնել բանակցային գործընթացում եւ շտկել այն սխալները, որ իրականացվել են վերջին 1,5 տարիների ընթացքում: Այս առումով կարծում եմ, որ ավելի հետեւողական պետք է լինեն Նալբանդյանի հրաժարական պահանջողները եւ պահանջեն կոնկրետ գործընթացը տանողից ու պատասխանատուից",- ընդգծեց Ա. Արզումանյանը:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում «վինտիկ», նա պատասխանեց. «Վինտիկը» սովետական համակարգից եկող արտահայտություն է. Կա որոշակի մեխանիզմ, որը բաղկացած է փոքրիկ «վինտիկներից», «շուրուպներից» եւ այդ «շուրուպն» ինքնին այդ համակարգի աշխատանքում որեւէ փոփոխություն չի կարող մտցնել: Անկախ նրանից, մի վինտիկը մյուսով կփոխարինես, թե` ոչ, ընդհանուր մեխանիզմը աշխատելու է նույն ոճով":
Իսկ Ձեր նախարար աշխատած տարիներին Դուք «վինտիկ» չե՞ք եղել, հարցին էլ արձագանքեց, որ իր ժամանակ երկրում տոտալիտար համակարգ չէր ու կար կոլեգիալ որոշումներ կայացնող մեխանիզմ եւ կար հնարավորություն այս կամ այն որոշմանը համաձայնել, կամ`ոչ:



























