ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում փետրվարի 16-ի երեկոյան ժամանել է Թբիլիսի: Նախատեսված են Սաուդաբաեւի հանդիպումները վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես Վրաստանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, ԵԱՀԿ նախագահը քննարկելու է անվտանգության եւ աբխազական ու հարավօսական հակամարտությունների գոտում իրավիճակի հարցերը:

«Նաեւ քննարկվելու է այդ տարածաշրջաններում ԵԱՀԿ առաքելության որեւէ ձեւաչափով վերականգնման հարցը»,- հայտարարել է Կալանդաձեն:

Ինչպես իր հերթին նշել է Վրաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն, ԵԱՀԿ գործող նախագահի այցը կարեւոր նշանակություն ունի, քանի որ «վրաց-ռուսական հարաբերությունները պետք է մշտական քննարկման առարկա լինեն»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը այցի շրջանակներում արդեն եղել է Ադրբեջանում եւ Հայաստանում, հանդիպումներ ունեցել երկրների ղեկավարության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: